Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան

Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան

Հանրապետության բժշկական հասարակայնության համար առանձնահատուկ իրադարձություն էր մեր դարաշրջանի փայլուն վիրաբույժ, գիտնական ու բարձրագույն դպրոցի ականավոր գործիչ, վաստակաշատ ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:

 

Վիրաբույժների միջազգային ընկերության իսկական անդամ, վիրաբույժների արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Հայաստանի վիրաբույժների գիտական ընկերության պատվավոր նախագահ, սովետական բժշկական մեծ հանրագիտարանի սիրտ-անոթային վիրաբուժության բաժնի խմբագիր, մի շարք ամսագրերի խմբագրակազմի անդամ, Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պատվավոր վիրաբույժ, գիտական 200 աշխատանքների և մենագրությունների հեղինակ և, վերջապես, արտասովոր բնատուր ձիրքով և բացառիկ աշխատասիրությամբ օժտված մարդ` Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան, որը բժշկական աշխարհում հայտնի է որպես անզուգական կազմակերպիչ, բազմակողմանի զարգացած, փայլուն ուսուցչի անկրկնելի օրինակ:

 

1943-ին գերազանցությամբ ավարտեց բժշկական ինստիտուտը: 1943-1945-ին նրան վստահվեց Մոսկվայի ռազմական տարածաշրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժի պաշտոնը: Զորացրվելուց հետո, 1946-ին, աշխատանքի անցավ Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում որպես բժիշկ-օրդինատոր և ամբիոնի ասիստենտ: Առաջիններից էր, որ ներդրեց ներշնչափողային անզգայացման մեթոդը Հայաստանում: 1946-1951-ին նա Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր և վիրաբուժական բաժանմունքի վարիչը: 

 

1951-1952-ին Մոսկվայի առաջատար կլինիկաներում մասնագիտացում անցնելուց հետո սկսեց զբաղվել կրծքային վիրաբուժությամբ: Առաջինն էր, որ հանրապետությունում կատարեց թոքի մասնահատում, վիրահատություններ` միջնորմի, կերակրափողի վրա, էլեկտրասրտախթանիչի ներդրումը սրտի մեջ, առաջին անգամ ԽՍՀՄ-ում կիրառեց թոքերի խոռոչների տրանսպարիետալ կաթետերավորման, դեղանյութերի ռեգիոնար ներաորտալ ներարկման, ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստման մեթոդը: Կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների համար առաջարկեց ախտորոշման և բուժման մի շարք մեթոդներ:

 

1958-ին Ս.Ավդալբեկյանը Երևանի բժշկական ինստիտուտի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի դոցենտն էր և ֆակուլտետի դեկանը: 1962-ին Երևանի բժշկական ինստիտուտում նրա ստեղծած կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնն ու կրծքային վիրաբուժության կլինիկան, ինչպես նաև պրոբլեմային լաբորատորիան դարձան կենտրոն, որտեղ բազմակողմանիորեն ուսումնասիրվում են շնչառական օրգանների ֆիզիոլոգիայի և ախտաբանության հետ կապված հիմնահարցեր, հիմնարար հետազոտություններ տարվում, մշակվում պաթոգենետիկ բուժման նորագույն մեթոդներ, որի արդյունքն են ավելի քան 20 հեղինակային վկայականները:

 

 1963-ին գիտնականի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվեց միութենական նշանակության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտը` իր ամբիոններով և գիտահետազոտական լաբորատորիաներով, որի անփոփոխ ռեկտորն էր 25 տարի: Նրա շնորհիվ ինստիտուտը ճանաչվեց որպես ԽՍՀՄ գիտահետազոտական և ուսումնական լավագույն հաստատություններից մեկը, որտեղ տարվա մեջ կատարելագործման դասընթացներ էին անցնում երկրի տարբեր ծայրերից ժամանած մինչև 3000 բժիշկներ: 

 

1968-ին գիտնականը պաշտպանեց դոկտորական թեզը և ստացավ պրոֆեսորի կոչում: 1977-ին նա ընտրվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1990-ին առաջինը Հայաստանի վիրաբույժներից` ակադեմիկոս:

 

 Ս.Ավդալբեկյանի մեջ համակցված են վիրաբույժ-կլինիցիստը, տաղանդավոր դասախոսը, մանկավարժը և հասարակական գործիչը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 12 դոկտորական և 40 թեկնածուական թեզեր: Գիտնականի անձնուրաց աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել թե պետության, թե բժշկական լայն հասարակության, և թե բնակչության կողմից: Նա առաջինն է, որ պարգևատրվեց «Մխիթար Հերացի» շքանշանով: 

 

 Առաջինը մեր իրականությունում` կյանքի օրոք ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կրծքային վիրաբուժության բաժանմունքը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության և վիրաբուժական երկու բաժանմունքները կոչվեցին ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անունով: ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում հիմնադրվեց նրա անվան կրթաթոշակ` Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի 5-րդ կուրսի այն ուսանողների համար, որոնք աչքի են ընկնում վիրաբուժության բնագավառում:

 

 Մինչ այսօր էլ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի մեջ պահպանվել են իսկական ազնվականին բնորոշ հատկանիշները, հավատարմությունը կյանքի ընտրած ուղուն և սկզբունքներին, համամարդկային գաղափարներին և գեղեցիկի զգացողությունը, ինչպես նաև իրեն բնորոշ աշխատասիրությունը:

Հեղինակ. ՀՀ առողջապահության նախարարություն,«Առողջապահություն» հանդեսի խմբագրություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ